24 հունիսի 2022 - 13:00 AMT
‌Կաթողիկոսն ու Արցախի պետնախարարը քննարկել են պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը

Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Մայր աթոռում քննարկել են ներկա պայմաններում արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Կարևորվել է նաև համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին, Արցախ–Սփյուռք կապերին։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է բերել Արցախի իշխանություններին եկեղեցու նկատմամաբ դրսևորած հոգատար վերաբերմունքի համար։

Հանդիպման ավարտին Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Մայր Աթոռի և նրա աշխարհասփյուռ թեմերի՝ Արցախին բերած զորակցության համար։