24 հունիսի 2022 - 19:19 AMT
Zaz-ը խնդրել է` իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի

Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը, որը «Հայա» փառատոնի շրջանակում հունիսի 25-ին հանդես կգա Երևանում, խնդրել է, որ իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի։

Համերգին ներկա է լինելու դուդուկահար Կամո Սեյրանյանը:

Մենահամերգից առաջ կազմակերպված ասուլիսում նա ասել է, որ շատ է սիրում հայկական դուդուկը, անգամ դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակն ունի, որը հաճախ է լսում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Երգչուհին ասել է, որ ուրախ է և ոգևորված կրկին Հայաստանում լինելու և այստեղ համերգով հանդես գալու համար:

«Համերգի ընթացքում ես իմ էներգիան կփոխանցեմ հանդիսատեսին»,– ասել է նա:

Խոսելով աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին` երգչուհին ջերմությամբ է հիշել նրա խորհուրդները և ընդգծել, որ դրանք միշտ իր համար շատ կարևոր են եղել:

«Ես Ազնավուրի խորհուրդներից մեկն եմ շատ լավ հիշում, որ ինձ ասաց` անգլերեն լավ սովորեմ, սակայն մինչև հիմա չեմ սովորել: Շատ հուզված եմ այսօր Հայաստանում լինելու համար, քանի որ Շառլի հայրենիքն է: Այստեղ գտնվելը մեծ պատասխանատվություն է ինձ համար»,– նշել է Zaz-ը։

Zaz-ի համերգի բացումն անելու են «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և երաժիշտ Պարգը:

Համերգը կայանալու է «Հայա» փառատոնի շրջանակում: Փառատոնի համերգային մեկնարկը կտրվի հունիսի 25-ին, Zaz-ի առաջին երևանյան մենահամերգով: Փառատոնի անվանի հյուրերից է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը «G-Unit» բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտի բեմը կտրամադրվի «Led Zeppelin Symphonic» նախագծին: