8 ապրիլի 2009 - 20:31 AMT
AIBA-ի գլխավոր համակարգող Իվան Խոդաբաշն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան
Սիրողական բոքսի միջազգային ասոցիացիայի (AIBA) գլխավոր համակարգող Իվան Խոդաբաշն ապրիլի 7-ին մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երեւան: Այցի նպատակը Երեւանում մայիսի 23-30-ը կայանալիք աշխարհի պատանեկան առաջնության առնչությամբ տարված կազմակերպչական աշխատանքին ծանոթանալն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Բոքսի Հայաստանի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
Խոդաբաշը հայկական արմատներ ունի եւ առաջին անգամը չէ, որ այցելում է Հայաստան: Իր այցի ընթացքում նա եղել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ծրագրվում է անցկացնել Սիրողական բոքսի աշխարհի պատանեկան առաջնությունը: Նրա խոսքերով, ՄՀՀ-ը համապատասխանում է աշխարհի առաջնության անցկացման համար պահանջվող միջազգային չափանիշներին:
AIBA-ի գլխավոր համակարգողը նաեւ ծանոթացել է այն հյուրանոցների պայմաններին, որոնցում պետք է հյուրընկալվեն մասնակից երկրների պատվիրակությունները:
Խոդաբաշը Բոքսի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հետ քննարկել է մրցաշարի անցկացման ձեւաչափին վերաբերող որոշ հարցեր: Ամփոփելով ստուգման արդյունքները, Բոքսի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը դրական գնահատական է տվել կատարված աշխատանքներին:
Ապրիլի 8-ի դրությամբ, աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու դիմում ներկայացրել են 38 երկրի բոքսի ֆեդերացիաներ: