Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների:
- «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4
- «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) - հուլիսի 5
- «Հայոց լեզու և հայ գրականություն» - հուլիսի 6
- «Մաթեմատիկա» - հուլիսի 7
- «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» - հուլիսի 8
- «Քիմիա», «Ռուսերեն» - հուլիսի 9:
Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։
Բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 26-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը` ժամը 17:00-ն ներառյալ:
Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝
- օտարերկրացիները և երկքաղաքացիները,
- օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
- 2022-ի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները,
- առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:
Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։
Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։