28 հունիսի 2022 - 10:40 AMT
Փաշինյան․ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունից հետո ԼՂԻՄ-ից դուրս տարածքներն Ադրբեջանին կանցնեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան առցանց ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հատվածում երթուղու փոփոխությունը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և որ այդ երթուղու վերաբերյալ կողմերը նախնական համաձայնության են եկել։

Խոսելով Բերձորի, Աղավնոյի և Սուս հայաբնակ բնակավայրերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այն տարածքները, որոնք դուրս են նախկին ԼՂԻՄ սահմաններից, «անցնելու են Ադրբեջանի հսկողությանը»։

Ըստ նրա, Բերձորի բնակիչների խնդիրները ՀՀ կառավարության որոշումներով են լուծվելու, Աղավնո գյուղի բնակիչներինը՝ Արցախի կառավարության միջոցներով, իսկ Սուսի ճակատագրի վերաբերյալ ինքը «տեղեկություններ չունի»։

Անդրադառնալով լուրերին, որ այդ փոփոխություններն արդեն հաջորդ շաբաթ են տեղի ունենալու՝ Փաշինյանն ասել է, որ ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, նոր երթուղու ստեղծման համար 3 տարի է տրվում և դեռ 1 տարուց ավելի ժամանակ կա, և նման լուծման գնալու համար ՀՀ–ում էլ պետք է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվեն։

Նա նշել է, որ դեռևս նախագծման աշխատանքներն են սկսվել և որ այդ փոփոխության նպատակը ԼՂ-ի և Հայաստանի միջև ավելի հուսալի ամուր, ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է։

«Երբ վերջնական ըմբռնում լինի, որ հասնում ենք մեր նպատակին, կգնանք նման լուծումների։ Այժմ ելնում ենք այն իրողությունից, որ միջանցքի անխափան ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է` Հայաստան–Լեռնային Ղարաբաղ կապն ապահովելու համար»,– ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ միջանցքը պետք է լիարժեք լինի ռուս խաղաղապահների հսկողության տակ։

«Աշխատանքային քննարկումներում կարծես ըմբռնում կա, որ նոր երթուղին պետք է լինի ավելի լավ որակի, անցանելի ու արագընթաց․․․Երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն կսահմանեն նոր երթուղու նկատմամբ»,- ասել է նա։ ‌