28 հունիսի 2022 - 14:00 AMT
Առաջարկ. Սահմանել «Հանրապետություն» մրցանակ

Առաջարկվում է սահմանել «Հանրապետություն» մրցանակ, որը կշնորհվի Հայաստանի զարգացման գործում ներդրած ավանդի համար, 2023 թվականից սկսած։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծը։

«Հանրապետություն» մրցանակը յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվելու է համանուն վկայագրի, կրծքանշանի և դրամական պարգևի ձևով:

Համաձայն «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի` ըստ բնագավառների կձևավորվեն հանձնաժողովներ, որոնք պարգևատրման համար կներկայացնեն համապատասխան թեկնածուներին:

Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները կհատկացնի «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամը:

«Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կներդրվի և կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ ‌