28 հունիսի 2022 - 14:32 AMT
ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հարցը հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հատուկ ընթացակարգով: Ներկայացնելով թեկնածուի կենսագրական, մասնագիտական և աշխատանքային գործունեության վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը` Վարդանյանը նշել է, որ Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում հնարավորություն կունենա իրագործել դատախազական համակարգի կայացման, զարգացման և հետագա գործունեության բարելավմանն ուղղված կարևոր բարեփոխումները:

Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նա ներկայացրել է այն սկզբունքային փոփոխությունները, որոնք ակնկալում է տեսնել դատախազության համակարգում իր ծառայության ընթացքում և արդյունքում:

«Ժողովրդավարությունն առանց օրենքի գերակայության ուղղակի գոյություն չունի:

«Կայացած դատախազական համակարգն օրենքի գերակայության ու, հետևաբար, նաև ժողովրդավարության կայացման երաշխիքն է»,- ասել է Վարդապետյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մասնակցում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, ուսումնասիրություններ իրականացնում և առաջիկայում դատախազության բարեփոխումների վերաբերյալ կներկայացնի իր տեսլականը:

Միաձայն քվեարկությամբ հանձնաժողովը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը: