28 հունիսի 2022 - 18:45 AMT
Երևանում ռազմամարզական ճամբար է բացվել

Երևանի Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանում մարզառազմական ճամբար է բացվել: Բացմանը մասնակցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Մարզառազմական ճամբարի նպատակը ՆԶՊ առարկայի շրջանակում ձեռք բերած տեսական գիտելիքների, դրանց համապատասխան հմտությունների զարգացումն ու գործնական պարապմունքներով ամրապնդումն է:

Պարապմունքները նպաստելու են աշակերտների իրավիճակային կողմնորոշման և նախաձեռնողականության զարգացմանը, ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների (կարգապահություն, պարտականությունների կատարման պատասխանատվություն և այլն) բարձրացմանը, տեղորոշման հմտության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության, ինչպես նաև զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը:

Ճամբարի այս տարվա ծրագիրը նախատեսված է Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվելու է 5 փուլով: Զինվորական ստորաբաժանման նմանությամբ կազմակերպված ճամբարին այս տարի մասնակցելու է մոտ 700 սովորող:

Տավուշի մարզի Աղավնավան գյուղի աշակերտ Արամայիս Վարդանյանը վստահ է, որ ճամբարում ստացած ռազմական գիտելիքներն իրեն օգնելու են ավելի հեշտ հարմարվել զինվորական կյանքին:

«Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում մենք ծանոթանալու ենք բանակային կյանքին, սովորելու ենք լինել առավել կարգապահ և պատասխանատու: Ուսումնասիրելու ենք ռազմական գործ, առաջին բուժօգնություն, ինժեներական աշխատանքներ, տեղագրություն և այլն: Չնայած առաջին անգամ եմ մարզառազմական ճամբարում, բայց վստահ եմ՝ հետաքրքիր ու արդյունավետ 10 օր եմ ունենալու»,- ասել է Արամայիս Վարդանյանը:

«Մարզառազմական ճամբարի ծրագիրը կառուցվել է հիմնականում գործնական պարապմունքների հիման վրա: Ճամբարի առօրյան ընթանում է բանակային օրվա նմանությամբ, ծրագրում ներառված են նաև հանգստի ու մշակութային ժամեր: Ներկայում ծրագիրը փորձարկումների փուլում է և արդյունքներով պայմանավորված՝ կլրամշակվի»,- նշել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանը:

Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում, որը 2021-22 ուսումնական տարում փորձարկվել է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում: