Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առած հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Քաղաքապետարանների միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը կրթության ոլորտում՝ աջակցելով Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Մասնավորապես, կիրագործվի Արհեստների և որակավորումների կամպուսի վերակազմակերպման ծրագիրը, որը հնարավորություն կտա ընդլայնել կենտրոնի շենքային պայմաններն ու կյանքի կոչել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող կրթական նոր ծրագրեր:
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում այժմ մասնագիտական կրթություն է ստանում մոտ 200 սան, շենքային պայմանների բարելավումը հնարավորություն կտա ընդունել ավելի մեծ թվով երիտասարդների:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Գրեգորի Դուսեի հետ:
Լիոնի քաղաքապետը նշել է, որ Երևանն առանձնակի նշանակություն ունի իրենց գործընկեր քաղաքների շարքում:
«Բարեկամական ու գործընկերային այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ, հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Բոլոր խոշոր քաղաքների խնդիրները գրեթե նույնանման են, և նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետը:
Երևանի քաղաքապետն իր հերթին կարևորել է առարկայական ծրագրերի իրականացումն ու փորձի փոխանակումը:
«Կարծում ենք, որ կարող ենք կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և ուրբանիզմի ոլորտներում: Երևանն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման գործում, և այստեղ մեծ հեռանկարներ ենք տեսնում»,- նշել է Երևանի քաղաքապետն ու Լիոնի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երևան: