29 հունիսի 2022 - 14:23 AMT
Գերեվարված շիրակցիների հարազատները ցույց են արել ՌԴ դեսպանատան մոտ

‌Ադրբեջանցիների կողմից գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատները Երևանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց ակցիա են իրականացրել։

Նրանք պահանջել են քայլեր ձեռնարկել իրենց զավակներին վերադարձնելու ուղղությամբ, գրում է «Փաստինֆոն»։

Գերիների հարազատները հայտարարել են, որ, եթե իրենց որդիներին ռուս խաղաղապահների մոտից են տարել, ուրեմն՝ պետք է գան և այդտեղից պահանջեն։

Հունիսի 28-ին գերեվարված շիրակցիների ծնողները ակցիա են իրականացրել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ։ 5 ծնող մտել է շենք ու հանդիպել ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի հետ։ Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի առցանց ասուլիսում ասել է, որ Ադրբեջանում պահվող գերիների 90 տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Անդրադառնալով կոնկրետ շիրակցի գերիներին՝ Փաշինյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնված չեն եղել, և պետք է լինեին ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։_ Նա նաև ասել է, որ Բաքուն փորձում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, ու այդ պատճառով դիտմամբ չի վերադարձնում գերիներին։