30 հունիսի 2022 - 10:36 AMT
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կասպյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։

Կասպյան գագաթնաժողովն անցնում է Աշխաբադում։

«Անշուշտ կան տարածաշրջանային անվտանգությանը, առաջին հերթին` ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցեր։ Մենք այդ մասին խոսել ենք և այժմ էլ հնարավորություն կունենաք խոսել այդ թեմայի շուրջ»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Անդրադառնալով քաղաքական շփումներին՝ Պուտինը հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` վերջերս Բաքու կատարած այցը։ Նա հավելել է, որ նախատեսվում են ՌԴ կառավարության նախագահի և ՌԴ Պետդումայի նախագահի այցեր Ադրբեջան։

Ալիևն իր հերթին ևս կարևորել է Լավրովի այցը կապերի զարգացման տեսակետից և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերություններն առաջիկայում ևս հաջողությամբ կզարգանան։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան կոնկրետ առաջարկներ ունի Բաքվին և Երևանին սահմանների հարցում։ «Մենք պատրաստ ենք խորհրդատվական ծառայություններ տրամադրել սահմանզատման և սահմանագծման համար Ադրբեջանում և ՀՀ-ում ստեղծված երկու հանձնաժողովների գծով։ Կան կոնկրետ առաջարկներ»,-ասել էր նա: