1 հուլիսի 2022 - 18:11 AMT
Մամիջանյանը, Խաչատրյանն ու Ավետիսյանը հրաժարվել են ԱԺ-ում պաշտոններից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շուրջ 1 տարի է՝ հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ», - ասվում է գրառման մեջ։

ԱԺ-ում պաշտոններից հրաժարվել են նաև ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադևոս Ավետիսյանը և ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արթուր Խաչատրյանը «Հայաստան» խմբակցությունից։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Հուլիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոններից զրկել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Ավելի ուշ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, և նոր թեկնածու չի առաջադրի։