Զորակոչից տարկետման իրավունքը բուհերում կվերականգնվի։ Գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, ասել է, որ տարկետման ինստիտուտը վերականգնվում է, բայց այն որոշակի հասցեականություն կունենա։
«Այսինքն ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է բանակից կամ տարկետում է ստանում, այլ ամեն տարի որոշակի հասցեական բուհերի, մասնագիտությունների գծով տարկետման հնարավորությամբ տեղեր կհատկացվեն, կախված կառավարության ծրագրից և առաջնահերթություններից», - ասել է նա։
Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտությունների մասին է։
Գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիների համար էլ զորակոչային տարիքի առավելագույն շեմը նախկին 27-ի փոխարեն սահմանվել է 28 տարեկանը։
Համապատասխան մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը: