8 հուլիսի 2022 - 11:08 AMT
ԱՀ պետնախարար․ «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտրվի բազում խնդիրների

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Մատենադարանում տեղի ունեցած «Ապագա Հայկականի» համաժողովի մեկնարկի միջոցառման ժամանակ կարևորել է, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին միջոցառումը տեղի է ունեցել Արցախում և վստահություն հայտնել, որ առաջիկա տարիներին «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտան բազում խնդիրների:

Ըստ նրա՝ կարևոր և արդյունավետ էր, որ թեման ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ Արցախի հայկական երկարաժամկետ ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը ամենակարևոր հենասյուներից մեկն է, գրում է «Առավոտը»։

«Կարող եմ ասել, որ անվտանգությունից հետո այն երևի թե երկրորդ կարևորությունն ունի, և որքան երկարաժամկետ դիտարկենք մեր անելիքները, այնքան ժողովրդագրությունն ավելի կարևոր է լինելու»,-ասել է նա:

Արցախի պետնախարարը նշել է, որ «Ապագա Հայկականը» միջոցառումը կազմակերպվել էր Արցախի կառավարության հետ համատեղ: Հարցին՝ ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ լուծումներ է ցանկանում տեսնել Արցախի հասարակությունը՝ Արտակ Բեգլարյանը պատասխանել է, որ գլխավոր խնդիրը անվտանգությունն է:

«Խոշոր առումով, արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն է, թե ինչպես կարող ենք հաղթահարել անորոշությունը: Եվ այստեղ, իմ կարծիքով, մեր անելիքն այն է, որ անկեղծ զրույցով, վստահության հիման վրա ձևավորված հաղորդակցությամբ բացատրենք, որ ամեն ինչ այս պահին կանխատեսելի չէ, բայց շատ բան մեր այսօրվա ու վաղվա գործողություններից է կախված՝ այդ թվում անվտանգության ոլորտում, ժողովրդագրության մեջ և այլն: Այստեղ ես շատ եմ կարևորում գաղափարական աշխատանքը և Արցախում, և ընդհանրապես ամբողջ հայության մեջ: Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, և կարծում եմ, որ այստեղ մենք համատեղ ուժերով կարող ենք և գաղափարախոսական հիմքը ապահովել, և դրա հիման վրա անվտանգային, ժողովրդագրական սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր ոլորտներում երկարաժամկետ հաջողություն ապահովել»,-ասել է Բեգլարյանը՝ նշելով, որ այդ ամենը համազգային ներառական գործընթաց և ջանքեր է ենթադրում:

Հուլիսի 7-ին Մատենադարանում ազդարարվել է «Ապագա Հայկականի» համաժողովի մեկնարկի միջոցառումների մասին: Նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է «Ապագա Հայկականի» առաջին համաժողովը, որի մասնակիցները՝ Հայաստանիից, Արցախից և Սփյուռքից, քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։