9 հուլիսի 2022 - 10:48 AMT
ՀՀ դեսպանը Լոնդոնի համաժողովում ներկայացրել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը

ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 5-6-ը Լոնդոնում կայացած կրոնի և հավատի ազատության միջազգային նախարարական համաժողովում ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման փաստերը՝ որակելով դա որպես կրոնական անհանդուրժողականության վառ դրսևորումներ:

Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի թիրախավորմանն ու պղծմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկական հոգևոր հուշարձանների ավերմանը՝։ Դեսպանն ընդգծել է նաև Նախիջևանի հայկական ժառանգության լիակատար ոչնչացման փաստերը, հայտնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը։

Ներսեսյանը նաև ծոսել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի (7/12/2021) վճռի իրականացման անտեսման մասին, որով Ադրբեջանը պետք է կանխեր և պատժեր հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները։

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բարդ վիճակին՝ դեսպանը կարևորել է տարածաշրջանում քրիստոնեության պատմական ներկայության պաշտպանության և վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի հետևողական ջանքերը այդ հազարամյա ժառանգության վերականգնման և պահպանման ուղղությամբ։

Իր ելույթում Ներսեսյանը նաև վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, այդ թվում՝ հավատի և կրոնի ազատության ոլորտում։ ‌