9 հուլիսի 2022 - 13:44 AMT
Միրզոյան․ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն և որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։

Արարատ Միրզոյանը հարցազրույցը տվել է հունիսի 27-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում։

«Մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։

Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն»,-ասել է նա։

Միրզոյնաը նշել է, որ ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։

«Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով այն հարցին թե արդյո՞ք լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում՝ Միրզոյանն ասել է Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու իր պատրաստակամությունը, բայց այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել։

Նա հավելել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։

«Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն։

Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից»,-ասել է Միրզոյանը։ ‌