12 հուլիսի 2022 - 12:09 AMT
Փայլանը կարծում է՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը կնպաստի բնականոնացման գործընթացին

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, հույս է հայտնել, որ այն կնպաստի «բնականոնացման գործընթացին»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկրների միջև ընթացող բնականոնացման գործընթացը»,-ասվում է գրառման մեջ, գրում է Ermenihaber-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: