12 հուլիսի 2022 - 14:27 AMT
Ծառուկյան․ Քրիստոսի արձանի տեղ դրախտն էլ բերեի, էլի դժգոհներ կլինեին

Հիսուսի մոնումենտալ արձանը կանգնեցնելու գաղափարի մտահղացումից ի վեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահ է եղել՝ դեմ կարծիք ունեցողներ ու ընդդիմախոսներ միանշանակ լինելու են, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Օրաթերթին Ծառուկյանն ասել է, որ եթե անգամ Քրիստոսի արձանի փոխարեն «դրախտ բերեր Հայաստան, միևնույն է՝ լինելու էին մարդիկ և շրջանակներ, որ դեմ էին խոսելու»։

«Լինելու էին նաև մարդիկ, որ պատվիրելու և կազմակերպելու էին «դեմ» հանրային տրամադրություններ։ Այս ամենը ես շատ լավ պատկերացնում էի, ու ի սկզբանե իմ մոտեցումը եղել է հետևյալը՝ հարգանքով վերաբերվել բոլոր փաստարկված առաջարկներին և առարկություններին, անձամբ պատասխանել դրանցից շատերին, լսել բոլոր գրագետ դիտողությունները։ Խոր հարգանքով եմ վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու խոսքին ու նորից, օգտվելով առիթից, շեշտում, որ սա եկեղեցական կառույց չէ»,- ընդգծել է նա։

ԲՀԿ առաջնորդը վստահեցրել է՝ արձանի գաղափարը ստացել է հանրության ճնշող մեծամասնության աջակցությունը, ու բազմաթիվ քանդակագործներ, ճարտարապետներ մասնակցել են մրցույթին, որոնց հետո պարբերաբար զրույցներ է ունեցել ու լսել նրանց խոսքը։

Հուլիսի 9-ին տրվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը, որին ներկա էր նաև նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը։ Հատիս լեռան բարձունքում նախագծի մեկնարկի արարողությանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հուլիսի 7-ի կառավարությւան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նախնական գնահատականը դրական է և որ արձանի տեղադրումը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովի դեպի Հայաստան։

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դիմել են շինարարական աշխատանքները սկսելու համար մասնագիտական եզրակացություններ ու թույլտվություններ ստանալու համար, իսկ հիմա կատարվում են ենթակառուցվածքների որոշակի աշխատանքներ։