Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ իր ելույթում ասել է, որ, ոստիկանության, պաշտպանության նախարարության և ԶՈւ ոլորտներում բարեփոխումների համատեքստում, պլանավորվում է ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին։
Նա տեղեկացրել է, որ Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել նոր կառույցի ձևավորման հարցով:
Նա նաև կարևորել է ոստիկանության և արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն իր հերթին հայտարարել է, որ նախատեսվում է ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ստեղծել Ազգային գվարդիա` որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում։
Ազգային գվարդիան չի ունենալու զորքի կարգավիճակ, ինչպիսին այսօր ունեն ոստիկանության ներքին զորքերը։
«Ազգային գվարդիային նախատեսվում է վերապահել հասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգության ապահովումը, պետական մարմինների և կազմակերպությունների, շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների անվտանգության ապահովմանն աջակցելը, ձերբակալված ու կալանավորված անձանց ուղեկցումը, ռազմական ու արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցությունը և այլն»,- ասել է Ֆիդանյանը։
10-օրյա ժամկետում առաջարկների հիման վրա նախատեսվում է լրամշակել օրենսդրական փաթեթը, իսկ սեպտեմբերին այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: