12 հուլիսի 2022 - 18:08 AMT
Պուտինը Թեհրանում կհանդիպի Ռայիսիի և Էրդողանի հետ

Հուլիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Իրան, որտեղ կմասնակցի Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին։ Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախապատրաստվում է ՌԴ նախագահի այցը Թեհրան։ Այնտեղ տեղի կունենա սիրիական կարգավորման գծով Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպումը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը նշել է նաև, որ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ինչպես Ռայիսիի, այնպես էլ Էրդողանի հետ։

«Իրոք, տեղի կունենա Պուտինի, Ռայիսիի և Էրդողանի հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից հետո, բնականաբար, տեղի կունենա նաև երկկողմ հանդիպում։ Մենք հաղորդել ենք նաև Էրդողանի հետ բարձր մակարդակի առաջիկա շփման մասին։ Այդ հանդիպումը ևս հենց այնտեղ կանցնի»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։