14 հուլիսի 2022 - 17:09 AMT
ՊՆ․ Հայկական կողմը հայ-թուրքական սահմանը չի ականազերծում

Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում։ Այդ մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ թուրքական GazeteKars-ը հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա սահմանին ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Աղբյուրի համաձայն՝ իսրայելական մի ընկերություն հայ-թուրքական սահմանային գոտում իրականացնում է ականազերծման աշխատանքներ: Նշվում է, որ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է, ինչ ընթանում են ականազերծման աշխատանքները։ Պաշտոնական աղբյուրներն այդ մասին չեն հայտնել։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, 2 երկիր այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որոշվել է սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, ասել է, որ դա ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում։