Պաշտոնական Մոսկվան մշտապես սատարում է ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և պատրաստ է հետագայում ևս դա անել։ Այդ մասին հայտարարել, է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ գործընթացը մեկնարկել է Մոսկվայում։
«Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը միշտ է աջակցել հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Գործընթացը սկսվել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս ուղեկցել հայ-թուրքական երկխոսությունը, ամեն կերպ աջակցել»,-ասել է նա ճեպազրույցում։
Զախարովան նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: