Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մտահոգիչ է համարում վերջին օրերի զարգացումները Հայաստանում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Մտահոգիչ են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքի արգելքի գծով։
Նման երևույթները կարող են բացասական հետևանքներ ունենալ, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համար»,-ասվում է գրառման մեջ։
Կաթողիկոսը հավելել է, որ «անհրաժեշտ է հստակ և ամբողջական տեղեկություններ փոխանցել հանրությանը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ժամանել է Հայաստան և օդանավակայանում իմացել, որ իր մուտքը Հայաստան արգելված է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Փափազյանը կարծում է, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով։