16 հուլիսի 2022 - 14:34 AMT
Միրզոյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Միրզոյանը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հյուրընկալելու և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու պատրաստակամության համար։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումն ու պաշտոնական փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության ամրապնդմանը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի:

Ընդգծվել է տնտեսական համագործակցության ամրապնդման համար համապատասխան քայլերի իրականացման նշանակությունը և կարևորվել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Քննարկվել են Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների իրականացման գործընթացի դյուրացման և տարանցման հնարավորությունների ընդլայնման հետ կապված հարցեր:

Թբիլիսիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։