Խորվաթիայի իշխանություններն արգելել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին մասնավոր կարգով այցելել Յասենովացի համակենտրոնացման ճամբարի տեղում գտնվող հուշահամալիր։ Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչն այդ որոշումը որակել է սկանդալային և հակաեվրոպական։
Վուչիչը մտադիր էր մասնավոր այցով լինել Յասենովացում և հարգել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ ճամբարում զոհված սերբերի հիշատակը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Associated Press-ի, Խորվաթիան իր այդ որոշումը պատճառաբանել է նրանով, որ Խորվաթիայի իշխանություններին պաշտոնապես չեն իրազեկել նախատեսվող այցի մասին, ինչն անընդունելի է։ ԱԳ նախարարն ասել է, որ դա դիտարկվում է որպես սադրանք։
Սերբիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Խորվաթիայի իշխանություններին։
Յասենովացն անվանել են «Բալկանյան Օսվենցիմ»։ Այնտեղ մոտ 70,000 մարդ է մահացել՝ սերբեր, հրեաներ, գնչուներ և քաղաքական հակառակորդներ, այդ թվում՝ խորվաթ կոմունիստներ։