19 հուլիսի 2022 - 11:25 AMT
Ըստ Նարիշկինի` իր այցը ՀՀ կապ չունի ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցելության հետ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ Հայաստանի մայրաքաղաք ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս կայացած այցի հետ։ Այս մասին ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ասել է Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Իմ այցն այստեղ` Երևան, որևէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- ասել է նա կիսահեգնական ձևով։

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը Հայաստան էր ժամանել հուլիսի 15-ին, նա բանակցություններ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։

Նարիշկինն ասել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ ‌