19 հուլիսի 2022 - 12:18 AMT
ԱԽ քարտուղար․ Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան, հայտնում է «Արմենպրեսը»։

Նա ասել է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել` Պաշտպանության բանակում ծառայելու:

«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից և ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե դա չի՞ նշանակում Լեռնային Ղարաբաղն իրոք անպաշտպան թողնել՝ Գրիգորյանն ասել է․ «Ոչ, որովհետև նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որևէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ՝ ԱԽ քարտուղարն ասել է․ «Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, և մենք հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, և խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում»։

Անդրադառնալով այն հարցին, թե ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվո՞ւմ են պայմանագրայիններով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից՝ Գրիգորյանն աել է․ «Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ»:

Նա հաստատել է, որ Հայաստանից ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չեն լինելու ԼՂ-ում:

«Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու:

ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաև պայմանագրայիններ»,-ասել է նա:

Գրիգորյանն ասել է նաև, որ Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում:

«Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»,-ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։