20 հուլիսի 2022 - 12:54 AMT
ՆԱՏՕ-ն սատարում է ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Լավ հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ստոլտենբերգը կարևորել է գործակցությունն Ադրբեջանի հետ և քննարկել համագործակցության ուղիները։ ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև էներգառեսուսրների մատակարարումը դեպի Եվրոպա ավելացնելու Բաքվի ջանքերին»,-ասվում է գրառման մեջ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 19-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան գործակցության խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ԵՄ դերակատարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում: