20 հուլիսի 2022 - 15:38 AMT
Սիմոնյանը՝ Բունդեսթագի փոխնախագահին․ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր, շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե' տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե' սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ:

Գերմանացի գործընկերը տեղեկացրել է, որ աչալրջորեն հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:

Կողմերը մեծապես կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվության բաժինը։

Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել և շեշտադրվել է ԱԺ-ի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել է նաև Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաև վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր: