20 հուլիսի 2022 - 16:49 AMT
Հայ աշակերտները 3 բրոնզե մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 3 բրոնզե մեդալ:

Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի:

Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանը և Արեգ Բարսեղյանը:

ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը և Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Պետրոսյանը ստացել են գովասանագիր։

Թիմը ղեկավարել են Գագիկ Գրիգորյանը («ԱՅԲ» դպրոց, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) և Բիլոր Կուրղինյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։

Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 79 երկրի ավելի քան 300 աշակերտ:

Օլիմպիադան անցկացվել է երկու` փորձնական և տեսական փուլերով, առցանց մասնակցությունն ապահովել է Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը։ Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի (պաշտոնական կայքը՝ ipho2022.com ) կազմակերպիչ երկիրը Շվեյցարիան է:

«Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 51-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալների։