20 հուլիսի 2022 - 18:18 AMT
ԱԻՆ․ Մետրոյի 6 կայարանում պայթուցիկներ չեն հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենի 3 կայարանում՝ «Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ», որոնողական աշխատանքներն ավարտվել են՝ պայթուցիկներ չեն հայտնաբերվել։

Ավելի վաղ կինոլոգիական և սակրավորական խմբերն ավարտել էին որոնողական աշխատանքները նաև Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։ ‌