9 ապրիլի 2009 - 20:11 AMT
Հայաստանում մենաշնորհացման մակարդակը կազմում է 75 տոկոս
Հայաստանում անհարժեշտ է վերացնել մենաշնորհային գնագոյացման մեխանիզմը: «Գնագոյացման մենաշնորհային շուկան կարելի է վերացնել կա'մ ներքին լծակների, կա'մ արտասահմանյան տնտեսվարող սուբյեկտների համար ներքին շուկան բացելու օգնությամբ»,- հինգշաբթի օրը Երեւանում լրագրողներին հաղորդել է ԵԱՀԿ հայկական գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը : Նրա խոսքերով, եթե Հայաստանում լինի ազատ մրցակցային միջավայր, ապա դա կլինի մենաշնորհային շուկայի ամենաուժեղ սահմանափակիչ գործոնը:

Տնտեսության եւ առանձին շուկաների մենաշնորհացման աստիճանը պարզելու համար հատուկ հետազոտություններ են անհրաժեշտ, հաղորդել է Կապինոսը: Ինչպես ասել է ԵԱՀԿ հայկական գրասենյակի ղեկավարը, հայ մասնագետների բազմաթիվ հրապարակումները վկայում են այն մասին, որ Հայաստանում ներմուծվող ապրանքների առանձին շուկաներում մենաշնորհացման մակարդակը հասնում է 90 տոկոսի: «Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա մենաշնորհացման խնդիր, եւ այն որոշակի հետազոտություններ է պահանջում», - ավելացրել է նա:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Շահնազարյանըը, իր հերթին, ավելացրել է, որ որոշ շուկաներում իշխող դիրքեր զբաղեցնող սուբյեկտների թիվն իրոք մեծ է` շուրջ 70-75 տոկոս
: Շահնազարյանի խոսքերով, երկիրը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նաեւ ժառանգել է ազգային մենաշնորհային սուբյեկտներ ունեցող տնտեսություն (ցեմենտի 2 գործարան, գարեջրի արտադրության երկու գործարան): «Մենք պատմականորեն «ժառանգել ենք» այդ տնտեսությունը եւ այդ սուբյեկտները, որոնք այսօրվա դրությամբ իշխող դիրք են զբաղեցնում շուկայում», - ասել է նա:

Շահնազարյանի խոսքերով, Հայաստանի օրենսդրությունը պայքար չի մղում մենաշորհի դեմ, այլ հանդես է գալիս ազատ մրցակցության սահմանափակումների դեմ: «Մենաշնորհատերը մեզ համար վտանգ չի ներկայացնի, եթե նրա վարքագիծն ուղղորդված չլինի ազատ մրցակցության հիմքերի սահմանափակմանը», - ասել է նա: