22 հուլիսի 2022 - 14:49 AMT
Սիմոնյանն ու Մքալիսթերն անդրադարձել են խորհրդարանական ընդդիմությանն առնչվող հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակության Երևանում կայացած հանդիպմանը շոշափվել են նաև խորհրդարանական ընդդիմությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացված և նախատեսվող օրակարգային ծրագրերին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևերում և զեկույցներում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարևորագույն մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը:

Սիմոնյանը նշել է, որ կարևոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության և ըմբռնման աստիճանը մեծ է:

Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին և Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաև Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի և Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչեւի դիտարկումները:

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի այցը տարածաշրջանային է։ Մինչ Երևան ժամանելը Մքալիսթերը եղել է Բաքվում և Թբիլիսիում։