9 ապրիլի 2009 - 21:15 AMT
Որոշ գնահատականներով Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին 50-100 հազար մարդ է հավաքվել
Թբիլիսիում ընդդիմության տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել հանրահավաքի խորհրդարանի շենքի առջեւ: Ընդդիմությունը պահանջում է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հրաժարականը եւ հայտարարում է, թե բողոքի ակցիան անժամկետ կլինի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ոստիկանությանը ցուցում է տրվել չսադրել ցուցարարներին: Ցույցից մի քանի ժամ առաջ Սահակաշվիլին այցելեց խորհրդարանի առջեւի հրապարակ եւ ծաղիկներ դրեց 1989թ. ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին, երբ խորհրդային զորքերը, ուժ կիրառելով, ցրեցին բազմահազարանոց հանրահավաքը: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան, որ նախագահը լքել է Թբիլիսին:

Ընդդիմադիր «Միասնական Վրաստան ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հույս է հայտնել, որ այս ակցիան կանցնի հանդարտ եւ 20 տարի առաջ կատարված ողբերգությունը չի կրկնվի:

Հանրահավաքում բանաստեղծ Դավիթ Մաղարաձեն ընթերցեց Վրաստանի հանրության դիմումը նախագահին: «Չնայած ակցիան խափանելու բոլոր փորձերին, տասնյակ հազարավոր մարդիկ եկան հրապարակ եւ պահանջեցին նախագահի հրաժարականը: Այստեղ է ամբողջ Վրաստանը: Մարդիկ եկել են «ոչ» ասելու ահաբեկչությանը, պառակտմանը, ընտրությունների զեղծարարությանը, ազատության ճնշմանը», ասվում է կոչում:
Կոչի մեջ ընդգծված է նաեւ, որ ժողովուրդը խնդրում է Սահակաշվիլիին վեր կանգնել «իր անձնական շահերից եւ հեռանալ»: Մաղարաձեն հաղորդել է, որ արդյունքը հայտնի կլինի 24 ժամից, որից հետո հայտնի կդառնան ընդդիմության հետագա քայլերը:

Որոշ գնահատականներով Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին 50-100 հազար մարդ է հավաքվել: