25 հուլիսի 2022 - 14:29 AMT
Մալագայում հայկական եկեղեցի է բացվել

Իսպանական Մալագայում հայկական եկեղեցի է բացվել։ Դա հայկական առաջին եկեղեցին է Իսպանիայի տարածքում:

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ` Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մասնակցել է Մալագայի նորակառույց հայկական եկեղեցու «Դռնբացեքի» և սրբապատկերների օծման արարողություններին, տեղեկացնում է Արևմտյան Եվրոպայի Հարապետական պատվիրակության դիվանը։

Առաջիկայում նախատեսվում է նաև կիրակնօրյա դպրոցի բացում:

Արարողության ավարտին արքեպիսկոպոս Պարսամյանը, խոսքն ուղղելով բոլոր ներկաներին․ նշել է, որ այս եկեղեցին պետք է լինի բոլոր հայերի տունը և բոլորը հոգ պետք է տանեն այն կյանքով լցնելու համար:

Սրբազան Հայրը նաև իր գնահատանքի խոսքը բերեց, բոլոր բարերարներին, ովքեր մտահղացել ու միասնականորեն իրականություն են դարձրել Իսպանիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու գաղափարը:

Եկեղեցական արարողություններից հետո եկեղեցում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ, հնչել են հատվածներ Կոմիտասի պատարագից և այլ կոմիտասյան ազգային երգեր: