25 հուլիսի 2022 - 17:04 AMT
ԳԹԿ փոխտնօրեն․ Բուհերում 15,000 տեղ թափուր է, ոչ պետական բուհեր կան, որ անգամ դիմորդ չունեն

Բուհերում թափուր տեղերը 15,000-ից ավելի են, ոչ պետական բուհեր կան, որ անգամ դիմորդներ չունեն։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ամփոփելով միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները, ինչպես նաև ներկայացնելով ընդունելության քննությունների երկրորդ փուլը, որի արդյունքները կհայտարարվեն հուլիսի 30-ին:

Հուլիսի 18-ին հայտնի են դարձել 2022-23 ուսումնական տարվա բուհական ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները։

Ըստ Նասիբյանի, 2022թ դիմորդների թիվը 13,887 էր` և միասնական քննություններ հանձնողները, և ներբուհականը: 2021թ դիմորդների թիվը եղել է 13,128, միասնական քննություն հանձնողներինը` 11,741, գրում է «Առավոտը»։

11,587 հոգի մասնակցել է միասնական քննությունների և միասնական քննություններով ընդունվածների թիվն առաջին փուլում 7246 է կազմել, այսինքն` մոտ 4000 հոգի չի ընդունվել:

«Միասնական քննություններից կտրվածների թիվն այս տարի կազմել է 3076, երկրորդ փուլին կարող է մասնակցել 791 դիմորդ, եթե երկու առարկայից ստացել է դրական միավոր, նախորդ տարի 1461 հոգի էր մասնակցել լրացուցիչ փուլին»,-ասել է ԳԹԿ փոխտնօրենը:

Նասիբյանը նշել է, որ քանի որ թափուր տեղերը 15,000-ից ավելի են, հիմնական փուլի մրցույթից դուրս մնացածները կարող են դիմել ցանկացած բուհ, որովհետև ըստ ԳԹԿ փոխտնօրենի, Հայաստանում չկա որևէ բուհ, որ թափուր տեղ չունենա: Նրա խոսքով, թափուր տեղերի առյուծի բաժինը ոչ պետական բուհերինն է։

«Իսկ որոշ պետական բուհերում, ընդունելությունը, մեղմ ասած, բարվոք չէ: Օրինակ` հիմնական փուլի մրցույթի արդյունքներով` Հայաստանի ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 38 հոգի»,-ասել է նա:

Նասիբյանն ընդգծել է, որ ոչ մխիթարական է պատկերը նաև մարզային բուհերում, Մանկավարժական համալսարանը ևս սակավաթիվ դիմորդներ ունի:

«Տարիներ շարունակ ԳԹԿ-ն պարզապես արձանագրում է վիճակը: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանի ագրարային համալսարանի ընդունելությունը ոչ բարվոք վիճակում է, նույնը ասել ենք նաև մանկավարժական համալսարանի վերաբերյալ: Դիմորդների թիվը տարեցտարի պակասում է, մանկավարժականում նույնիսկ մասնագիտություններ են լինում, որոնք ունեն ընդամենը մեկ ընդունված, օրինակ` ֆիզիկա մասնագիտությամբ մեկ հոգի է ընդունվել Մանկավարժական… Սա արդեն կրթության քաղաքականությունը որոշող ղեկավարության խնդիրն է` նստել և շատ լուրջ մտածել Ագրարային համալսարանի, Մանկավարժական համալսարանի ընդունելության մասին»,-ասել է Նասիբյանը:

Նա նաև հավելել է, որ անգամ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում երկու թափուր տեղ կա, մինչդեռ նախկինում այն ամենապահանջված մասնագիտությունների եռյակում էր` իրավագիտությունից հետո:

Նա նշել է նաև, որ այս տարի միջազգային հարաբերություններում կար 124 տեղ, դիմել էր 130 հոգի, բնականաբար ոմանք «կտրվել» են, և թափուր երկու տեղ է մնացել: Իրավագիտության ֆակուլտետ 286 հոգի է դիմել, ընդունվել է 147-ը, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ էլ, օրինակ, դիմել է 306 հոգի, ընդունվել է 228-ը:

«Չէի ասի, թե բարձր մրցույթ էր`համեմատած նախկին տարիների հետ»,-ասել է ԳԹԿ փոխտնօրենը: ‌