26 հուլիսի 2022 - 10:51 AMT
Caucasus Heritage Watch-ն ուշադիր հետևում է Մատաղիսի սբ Եղիշա եկեղեցու մոտ հողային աշխատանքներին

Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ուշադիր հետևում է 1892-98 թթ. կառուցված Մատաղիսի սբ Եղիշա եկեղեցու կողքին տարվող հողային աշխատանքներին, ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

Կազմակերպությունն արձանագրել է, որ հուլիսի 5-ի դրությամբ բազիլիկ եկեղեցին անփոփոխ է 2020 թվականի պատերազմից ի վեր: Սակայն դրա մոտ կատարվող հողային աշխատանքները մտահոգություն են առաջացնում:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը ներկայացրել է եկեղեցու վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո:

Նշվում է, որ պատերազմից առաջ եկեղեցին ամբողջությամբ կանգուն էր։

«Մատաղիս գյուղում Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թեժ մարտեր են ընթացել և հայտնի չէ, ինչ չափով է հուշարձանը տուժել։ Պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից սոցիալական կայքերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, ինչպես են զինվորական հագուստով մի քանի տղամարդ մտնում եկեղեցի, ջարդում սրբապատկերները։ Տեսանյութում երևում է նաև, որ հատակին կոտրված լցված են տարբեր առարկաներ (Մշակութային վանդալիզմ Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցում - Monument Watch)»,-ասվում է հրապարակման մեջ։

Հարավային մուտքի բարավորին փորագրված արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունն ընթացել է 1892-98 թվականներին։ Արձանագրության մեջ ասվում է. «Շինեցաւ սուրբ Եղիշէի եկեղեցիս Մատաղիսա միաբան ժողովուրդականաց։ Սկսած է 1892 թ., ավարտված 1898 թ.»։ Մ. Բարխուդարյանցի 1894-95 թվականների այցելության ժամանակ եկեղեցին դեռ կիսակառույց էր և անկնունք (Բարխուտարեանց 1895, 231)։ Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ կառուցված տեղական բաց դարչնագույն կոպտատաշ և սրբատաշ քարերով։ Հուշարձանի չափսերն են՝ 15,07 մետր երկարություն և 8,16 մետր լայնություն։ Ներսի կողմից ամբողջությամբ սվաղված է։ Կիսաշրջան բեմը բարձր է, ունի երկու ավանդատուն, թաղակապ է, տանիքը՝ հողածածկ։

Մուտքը հարավային կողմից է, արևելյան կողմից բացվում է երեք, հարավային կողմից երկու, իսկ արևմտյան կողմից՝ մեկ լուսամուտ։