26 հուլիսի 2022 - 12:20 AMT
Էրդողանն ասել է` կոնկրետ քայլեր են ակնկալում Հայաստանից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական պետական TRT ցանցի մեջ մտնող լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

«Գոհունակությամբ ընդունեցի, երբ լսեցի, որ վարչապետ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է մեզ հետ նման մտքեր։ Բայց արդեն ակնկալում ենք, որ խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անեն»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները:

«Վարչապետ Փաշինյանի հետ երկու երկրների կրոնական տոների շրջանակում մի հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում փոխադարձ շնորհավորանքներ ենք հղել։ Անշուշտ խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև շարունակվող կարգավորման գործընթացից»,- ասել է Էրդողանը:

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան լուրջ ու վճռական է տրամադրված, հետապնդում է ամբողջական կարգավորում և բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող, ըստ նրա, ավելի քան 100 հազար հայերի մասին։

«Ներկա պահին Թուրքիայում կա ավելի քան 100 հազար հայ, որոնց մեջ կան և մեր քաղաքացիներ և ոչ մեր քաղաքացիներ, բայցևայնպես քաղաքացիության թեկնածու հայեր։ Ահա սա է ցույց տալիս մեր մոտեցումը»:

Վերջում Թուրքիայի նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի Կարս նահանգի Արփաչայ շրջանում՝ հայ-թուրքական սահմանին իրականացվող ականազերծման աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել 1 մարդ: Ըստ աղբյուրի՝ վիրավորվածը եղել է ականազերծման աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս: