1 օգոստոսի 2022 - 15:03 AMT
15 երկիր փորձել է տապալել Երևանում IBA-ի կոնգրեսն անցկացնելու որոշումը․ Պատճառներից է ՀՀ-ի աջակցությունը ՌԴ-ին

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) անդամ 15 երկիր դիմել է առաջիկայում ՀՀ-ում կայանալիք արտահերթ կոնգրեսը Երևանից այլ վայր տեղափոխելու խնդրանքով։ Որպես պատճառներից մեկը նշվել է այն, որ Հայաստանն աջակցում է Ռուսաստանին, որը ներխուժել է Ուկրաինա։

«Հանուն ընդհանուր գործի» ալյանս կոչվող խումբը նամակով դիմել է IBA-ի տնօրենների խորհրդին, գրում է Insidethegames.biz-ը:

Նման խնդրանքով դիմած երկրների թվում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Կանադան, Անգլիան, Իռլանդիան։

«ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարության մերձավոր ռազմական և քաղաքական դաշնակիցն է։ ՌԴ զինվորականները տեղակայված են Հայաստանում, այդ թվում Գյումրիի 102-րդ ռազմական բազայում և Երևանի մերձակայքում գտնվող «Էրեբունի» օդանավակայանում: ՀՀ-ն և ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ եմ։ Արդյո՞ք այս փաստերը հաշվի առնվել են IBA-ի կոնգրեսն անցկացնելու իրավունքը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային տալու մասին որոշում կայացնելիս »,-ասվում է խնդրագրում։

Սակայն IBA-ի տնօրենների խորհուրդը մերժել է կոնգրեսը Երևանից այլ տեղ տեղափոխելու խնդրանքը։ «IBA-ի տնօրենների խորհուրդն արդեն որոշում կայացրել է կոնգրեսի անցկացման վայրի և ժամկետի մասին և գլխավոր գրասենյակն արդեն բացել է գրանցման գործընթացը։ IBA-ի տնօրենների խորհուրդն արդեն քննարկել է տարբեր առաջարկներ և ընտրել է ամենաընդունելի առաջարկը, որը բավարարում է բոլոր պահանջներին»,-ասել է տնօրինության ներկայացուցիչը։

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը Հայաստանում անցկացվելու է սեպտեմբերի 25-ին։ Կոնգրեսի անցկացմանը հավակնել են նաև Թուրքիան և Նիդերլանդները, բայց ընդունվել է Հայաստանի հայտը։