1 օգոստոսի 2022 - 18:38 AMT
Forbes-ը հորդորում է այցելել Խոսրովի անտառ և Դիլիջանի ազգային պարկ

Forbes-ը, անդրադառնալով Կովկասի բնության հրաշալիքներին, խորհուրդ է տալիս այցելել նաև Խոսրովի անտառ և Դիլիջանի ազգային պարկ։

«Թեև համարվում է, որ առաջին ազգային պարկը ստեղծվել է 1872 թվականին, սակայն Հայաստանում գտնվող Խոսրովի անտառը Ելոուսթոունից մոտ 1500 տարի առաջ է ստեղծվել»,-ասվում է հոդվածում։

Նշվում է, որ այժմ Խոսրովի անտառը հայտնի է իր բազմազան բուսականությամբ և կենդանական աշխարհով՝ այստեղ կան գորշ գայլեր, եվրասիական լուսան, գորշ արջեր, իսկ «հաջողակները կարող են հեռվից տեսնել դեռևս այստեղ հանդիպող իրանական հովազի»։

Ըստ Forbes-ի, Դիլիջանի ազգային պարկն իր կարգավիճակը պաշտոնապես ստացել է 2002-ին և գտնվում է Հայաստանի սրտում։

Նշվում է, որ այստեղ բազմազան էնդեմիկ կաթնասուններ կան, բազմազան թռչուններ և սողուններ։ Նշվում է նաև, որ այստեղ քիչ չեն պատմական կրոնական հուշարձանները՝ Հաղարծինը, Գոշավանքը, իսկ Դիլիջանը սիրված է՝ շնորհիվ իր «հմայող հայկական ճարտարապետության և բազմաթիվ հանգստավայրերի»։

Խոսրովի անտառը պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Գ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։