10 ապրիլի 2009 - 15:13 AMT
2009 թվականի վերջին Սերժ Սարգսյանը կայցելի Հունգարիա
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Գաբոր Շագինը (նստավայրը` Թբիլիսի): Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է հայ-հունգարական հարաբերությունների խորացմամբ եւ հույս է հայտնել, որ դեսպանն իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն` ընդլայնելու երկու երկրների գործակցության շրջանակը:
Սերժ Սարգսյանի խոսքով, հայ-հունգարական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարեկամական բնույթով, եւ վերջին տարիներին արձանագրված աշխուժացումը նոր նախադրյալներ է ստեղծել փոխգործակցության զարգացման համար: Այդ առումով նա կարեւորել է երկու երկրների միջեւ գործող իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Կողմերը համակարծիք են եղել, որ կան լուրջ հիմքեր հարաբերություններն ավելի ինտենսիվ դարձնելու համար:
Նորանշանակ դիվանագետն ասել է, որ Հունգարիան նպատակադրված է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առավել ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի հետ եւ վճռականորեն աջակցում է Եվրամիության Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը:
Ըստ դեսպանի, հունգարական կողմը երկու երկրների փոխգործակցության զարգացման լուրջ խթան է դիտում նախագահ Սարգսյանի տարեվերջին նախատեսվող պաշտոնական այցը Հունգարիա, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: