2 օգոստոսի 2022 - 13:18 AMT
Հանրային քննարկման է դրվել դպրոցների սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը:

Դրա նպատակն է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակի պատճառով դպրոց հաճախել չկարողացող, հետևաբար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների (ԿԱՊԿ) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում ապահովելը:

Համաձայն նախագծի՝ սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպում է այն ուսհաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Այն կարող է իրականացվել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09 հրամանի համաձայն։

Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը։ Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են համարվում բժշկական հաստատության տված եզրակացությունը, սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) գրավոր դիմումը և ծնողի ու հաստատության միջև կնքված պայմանագիրը (նախագծում առկա են ձևաթղթերը):

Տնային ուսուցում կազմակերպելու համար պայմանագիրը կնքվում է առավելագույնը երկու տարի ժամկետով, կարող է երկարաձգվել միայն հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և բժշկական եզրակացության հիման վրա։ Սովորողների համար տնային ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանների, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար՝ անհատական ուսուցման պլանի համաձայն։

Տնային պայմաններում սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցությունն իրականացվում է դպրոցի և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության թիմի մասնագետների կողմից՝ համաձայն ԱՈՒՊ-ի։

Հաստատությունը ուսման ընթացքում սովորողին անվճար տրամադրում է դպրոցի գրադարանային ֆոնդում առկա դասագրքեր/ուսումնաօժանդակ նյութեր, տանն ապահովում է սովորողների ուսումնառության իրականացումը՝ ներառյալ էլեկտրոնային ուսուցման և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը, իրականացնում է սովորողի ուսումնական առաջադիմության ընթացիկ գնահատում, ամփոփիչ ստուգում, ատեստավորում և սովորողի փոխադրում հաջորդ դասարան և այլն:

Տնային ուսուցումը կազմակերպվում է պետական բյուջեով՝ ուսհաստատությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին:

Տնային ուսուցման կազմակերպումը կրում է ժամանակավոր բնույթ, և այդ ժամանակահատվածում դպրոցն իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ սովորողին դասարանային պայմաններում կրթության մեջ ընդգրկելու համար։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 10-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։