2 օգոստոսի 2022 - 17:28 AMT
Դավիթ Բաբայան․ Իրավիճակն Արցախում համեմատաբար հանգիստ է

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «իրավիճակն Արցախում համեմատաբար հանգիստ է»

«Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Ադրբեջանն իր դիրքորոշումն ու քաղաքականությունը չի փոխել։ Պետք է հասկանալ, որ իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է Արցախում, աշխարհում, որի պարագայում պետք է շատ պրոֆեսիոնալ ու հայրենասեր մոտեցում ցուցաբերել։ Լինենք շատ զուսպ և դեմագոգներից հնարավորինս հեռու»,-գրել է նա։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Օգոստոսի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն լարվածությունը պահպանվում է: