3 օգոստոսի 2022 - 13:37 AMT
ԱԱԽ քարտուղար․ Լաչինի փոխարեն երթևեկությունն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով, իրենց պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթևեկությունը կազմակերպել այլ երթուղով:

«ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետևյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել, հետևաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:

Գրիգորյանն անդրադարձել է նաև դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները հայտարարել են՝ Հայաստանը սկսում է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ճանապարհի վերակառուցման աշխատանքները, որը, ենթադրվում է, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։

«Այո, այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի: Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձևաչափով համաձայնեցնել և ստորագրել պլանը և համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,-ասել է նա:

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

Օգոստոսի լույս 3-ի գիշերն օպերատիվ մարտավարական իրադրությունն Արցախում փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: