3 օգոստոսի 2022 - 15:44 AMT
ՊԲ․ Ադրբեջանը կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ՝ 1 զոհ կա և 8 վիրավոր

Օգոստոսի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում,շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացվի հաջորդիվ:

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

Օգոստոսի լույս 3-ի գիշերն օպերատիվ մարտավարական իրադրությունն Արցախում փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: