4 օգոստոսի 2022 - 11:48 AMT
ԱՄՆ պետդեպ․ Սրացումն ընդգծում է ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերի բանակցային կարգավորման անհրաժեշտությունը

ԱՄՆ պետդեպարտամենտը, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, մտահոգություն է հայտնել և նշել, որ այս սրացումն ընդգծում է ԼՂ հակամարտության հետ կապված բոլոր հարցերի բանակցային կարգավորման անհրաժեշտությունը։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ինտենսիվ ռազմական գործողությունների, այդ թվում՝ մարդկային կորուստների մասին հաղորդումներին:

Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու ուղղությամբ։

Լարվածության այս աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։