5 օգոստոսի 2022 - 10:15 AMT
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանցիները խախտել են հրադադարը հրաձգային զինատեսակներից

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Հայկական կողմից կորուստներ չկան։

Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը' ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ‌