5 օգոստոսի 2022 - 12:46 AMT
Տեղահանված արցախցիներն ակցիա են արել ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Ինչպես հայտնել է ակցիայի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը, իրենք Հայաստանի ռազմավարական գործընկեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՄԱԿ-ի ԱԽ անդամ և նոյեմբերի 20-ի եռակողմ հայտարարության երաշխավոր երկրից պահանջում են իրականացնել Արցախում ստանձնած խաղաղապահ առաքելությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

‌‌‌‌«2020-ի նոյեմբերի 9-ից հետո՝ Խծաբերդը, հետո՝ Փառուխը հանձնվեց, հիմա նույնը շարունակվում է։ Եվ եռակողմ հայտարարության որևէ կողմ` Ադրբեջանը, Ռուսաստանը, գումարած նաև Հայաստանը, որևէ բան չեն անում փոխելու այս իրավիճակը»,- ասել է Հայրիյանը։

Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցել են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրի` Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նույն բովանդակությամբ նամակ են հանձնել նաև այդ երկրի դեսպանին։

Իսկ ԵԱՀԿ ՄԽ երրորդ համանախագահ երկրի` ԱՄՆ–ի դեսպանատուն որոշվել է այցելել ու նամակ հանձնել օգոստոսի 8-ին։ Նույն օրը այցելելու են նաև ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակ` այդ կառույցին ներկայացնելով իրենց գրավոր պահանջը` երաշխավորել Արցախի ու արցախցիների անվտանգությունը։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

‌Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

‌Ընթերցեք նաև․ Լավրովը` Փաշինյանի խոսքերի մասին. ՌԴ-ն ՀՀ-ից խաղաղապահների մասով կոնկրետ առաջարկներ չի տեսել՝ չեմ կարող գուշակել