5 օգոստոսի 2022 - 17:17 AMT
«Միասնական հայրենիք»․ Անթույլատրելի ենք համարում Արցախի ՊԲ կազմալուծման և/կամ զինաթափման որևէ պահանջ

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անթույլատրելի համարելով Արցախի ժողովրդի անվտանգության անվերապահ երաշխավորի՝ Արցախի Պաշտպանության բանակի, կազմալուծման և/կամ զինաթափման որևէ պահանջ:

«Նման պահանջը միաժամանակ չի արտացոլում Հայտարարությամբ ստանձնած կողմերի պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Արցախն իրացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ պաշտպանելու իր ժողովրդի հիմնարար իրավունքները ադրբեջանական շարունակական և համակարգային ագրեսիայից։

«Վերջին օրերին, օգտվելով աշխարհաքաղաքական տեղաշարժերից, Ադրբեջանն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ նոր օրակարգ է թելադրում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման անհիմն պահանջներ: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարում է․

Խստորեն դատապարտում ենք ԼՂ-ում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումներն ու Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները։

ՀՀ-ի ԶՈւ-ի ստորաբաժանումները դուրս են բերվել ԼՂ-ից և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվում է տեղի ինքնապաշտպանական ուժերի և սակավաթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցներով։

Արցախի բնակչության նկատմամբ շարունակաբար իրականացվող զինված հարձակումների, էթնիկ ատելության հրահրումների, հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման, հայաթափման ադրբեջանական քաղաքականության համապատկերում Արցախի ժողովուրդն այլընտրանք չունի, քան ձեռնարկել ինքնապաշտպանության միջոցառումներ․․․

Կարևորելով ՌԴ-ի միջնորդական ջանքերը ԼՂ-ի հակամարտության կարգավորման և խաղաղապահ առաքելություն ստանձնելու գործում, ինչպես նաև հաշվի առնելով ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիվ միջամտությունները, համոզված ենք, որ ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ ներկայությանը միջազգայնորեն ամրագրված երաշխիքներով և հստակ գործառույթներով օժտելը օրվա հրամայականն է:

Արցախի ԶՈւ-ն Արցախի ժողովրդի գոյաբանական նախադրյալն ու երաշխիքն է, ուստի նրա գործառնությունները սահմանափակող և իրավական կարգավիճակը վատթարացնող ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն ոչ միայն հակադարձ համեմատական է Արցախի ժողովրդի ազգային-անվտանգային շահերին, այլև ոտնձգություն է Արցախի հայկական ապագայի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ի կառավարության նիստում, անդրադառնալով Արցախի ՊԲ-ն զինաթափելու Արդբեջանից հնչող պահանջներին, ասել է, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։