6 օգոստոսի 2022 - 11:21 AMT
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ` քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը:

Վարչապետը հնչեցրել է մտահոգություն Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ:

Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։